Նամակներ Թումանյանին

1909, 14 օգոստոսի, Մոսկվա
Մեծարգո պարոն Թումանյան
Մենք, ներքո ստորագրյալներս կարդալով «Մշակում» Ձեր հոդվածը, հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլագիատային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք: Օգտվելով հանգամանքից, մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ` բանտից ազատվելու համար: Ընդունեցեք բարևներս և մեր հարգանքը:

Ս. Օտարյան
Վահան Տերյան

1901, սեպտեմբերի 12, Ղազարապատ
Սիրելի Օհաննես.
Քու գնալուց հետո ես էլ եկա գյուղ և մինչև օրս այստեղ եմ. մի քանի օրից հետո կերթամ քաղաք, հետո էլի գյուղ, հետո քաղաք և դեպի Թիֆլիս: Աղբալից նամակ չստացա, չգիտեմ ինչու, հո էդտեղից չի՞ հեռացել:
Դերենիկից խաբար չունի՞ս. ի՞նչ է, դեռ չէ՞ եկել այդտեղ: Իսկ Շանթից ի՞նչ ունիս գրելու: Ես որ գամ, տեսնենք Վերնատան հալը ի՞նչ է լինելու. երևի առանց դրան մեր օրը սև կանցնի:
Ի՞նչ եղավ, ու՞ր մնաց «Վտակը». հո չէ՞ ցամաքել. ձենը, քչքչոցը հասավ, բայց ինքը չկա. երևի մի լուրջ բան պատահած կլինի հետը. վախենում եմ, որ արգելեն ծախել,թե չէ մինչև օրս վերջացած կլիներ. խնդրում եմ, այս մասին ինձ մի հաստատ բան գրիր:
Մեկ էլ աչք պտըտցու` գուցե ինձ համար մի երկու դասեր գտնես` հայերեն, պատմություն, գերմաներեն և այլն, որ գամ Թիֆլիս, քաղցած չմնամ: Կոստանյանից խաբար չունիմ քեզ տալու. ես նրանից ավելի շուտ եմ բաժանվել, քան թե դու:
Ի՞նչ հալի են մեր պատկերները. ի՞նչ են խոսում դես-դեն, գրական աշխարհում:
Էլ ի՞նչ գրեմ, բարևներ մերոնցից, համբույրներ,
Քո` Ավետիք Իսահակյան
Անհապաղ նամակիս պատասխանես, գոնե «Վտակի» մասին:

(հեռագիր)
1917, 17 մարտի, Սուխումի
Շտապ
Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Թումանյանին
Սուխումից
Խոնարհաբար խնդրում եմ գրողների նախագահին, Թիֆլիսի պետական իշխանությունների միջոցով շտապ դիմել տեղիս իշխանություններին, որպեսզի ինձ պաշտպանեն բժիշկ Շուլցի և սանատորիայի տնօրենի ծանակումներից: Այստեղ ոչ ոքի չճանաչելով, հիվանդ, ես անզոր եմ:

Տերյան

Ամենասիրելի Հովհ. Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:Ձեր` Եղիշե ՉարենցՄոսկվա, 1 հունվարի 1923 թ.

 

Աղբյուրը՝ այստեղ